Ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է․ Թունյանը՝ դրամի արժեզրկման մասին
Երևի կհիշեք, 2014 թվականի դեկտեմբերին դրամը սրընթաց արժեզրկվում էր, մի որոշ պահի արդեն խուճապային պրոցես էր. մարդիկ սպասում էին, որ դրամն էլ ավելի կարժեզրկվի, իրենց ձեռքի տակ եղած դրամները փորձում էին արագ վերածել դոլարի՝ այդպիսով ավելի մեծացնելով դոլարի պահանջարկը և նպաստելով դոլարի արժևորմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Այդ օրերից ինձ մի դեպք էին պատմում, որի հավաստիությունը չեմ կարող երաշխավորել, բայց մի քանի տեղից եմ լսել, ոչ պատահական մարդկանցից:
Ասում են, երբ դոլարի փոխարժեքը հասել էր 600 դրամի, մեր համաքաղաքացիներից մեկը, մտածելով, որ դրամն ավելի կարժեզրկվի, իր ամբողջ դրամական միջոցներով (ոչ քիչ), դոլար էր գնել, իսկ հաջորդ օրը մի քանի ժամում դրամը արագ արժևորվեց՝ կայունանալով 450-460 դրամի սահմաններում: Ասում են մեր խեղճ հայրենակցի սիրտը չէր դիմացել, և կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել էր կյանքը փրկել, սակայն կորսված գումարը փրկել չհաջողվեց:
Ասածս ինչ է. ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է. խուճապն ու շտապողականությունը սովորաբար լավ հետևանքներ չեն ունենում»,- գրել է նա: