ԼՂ հայերի բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է․ Կատրին Կոլոննա
Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,– ասաց նա։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։
«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասաց նա:
Կոլոննան ընդգծեց, որ այն խոսակցությունները, թե Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել և ստեղծված իրավիճակում արձագանքել է ուշ, իրականությանը չեն համապատասխանում։ «Ֆրանսիան միշտ եղել է հայերի կողքին, մենք հայերի կողքին ենք եղել ՄԱԿ-ում և ամենուր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակների բոլոր շփումներում։ Հայաստանի կողքին ենք եղել նաև Եվրամիության շրջանակներում դիտորդական առաքելության ստեղծման ժամանակ։ Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան ունենալ բանաձևի նախագիծ, ըստ որի Լեռնային Ղարաբաղի այն հայերը, ովքեր կցանկանան, կարողանան անվտանգ պայմաններում վերադառնալ իրենց տները»,– ասաց Կատրին Կոլոննան։
Հոկտեմբերի 3-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախապես տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննային կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
«Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը: