Դիմում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ բանակցություններում ապահովելու առաջընթաց. Նավարո Ռիոս
Եվրախորհրդարանում մեկնարկել է «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով հատուկ լսումը: Պատգամավորներն այսօր անցկացնում են քննարկումների փուլը, բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի:
Քննարկումը բացել է ԵՄ խորհրդի ներկայացուցիչ, պետքարտուղար, իսպանացի Պասկուալ Նավարո Ռիոսը: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն դատապարտել է սեպտեմբերի 19-ին ԼՂ դեմ Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան: Հիշեցրել է նաև, որ ԼՂ դեմ Ադրբեջանի գործողությունների հետևանքով այնտեղի հայերը լքել են իրենց բնակավայրերը և ապաստան գտել Հայաստանում: Ռիոսը նշել է, որ Բրյուսելը Բաքվից պահանջել է բացել Լաչինի միջանցքը և ապահովել ԼՂ-ում մնացած հայերի համար մարդասիրական օգնության հասանելիությունը:
Նավարո Ռիոսը նաև մատնանշել է, որ Հայաստան եկած 100 հազարից ավելի բռնի տեղահանվածները խոցելի են և ունեն աջակցության կարիք:
«ԵՄ-ն ավելացրել է մարդասիրական աջակցությունը 5 մլն եվրոյով՝ այդ իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար: Մենք նաև պահանջել ենք, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բաց և պատշաճ քննարկում սկսի՝ ԼՂ իրավիճակի վերաբերյալ: Հույս ունենք՝ այդ ամենը դրական արդյունքների կհանգեցնի: Ստեղծված իրավիճակում դիմում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի նրանք խաղաղ բանակցություններում ապահովեն առաջընթաց, և ի վերջո հասնեն խաղաղության համաձայնագրի»,- նշել է պատգամավորը:
Ռիոսը հույս է հայտնել, որ Գրանադայում սպասվող հանդիպմանը կգրանցվի առաջընթաց, և բոլոր կողմերի իրավունքները կհարգվեն: Պետք է շարունակել երկխոսությունը և ապահովել կայուն և երաշխավորված խաղաղության կայացումը,- եզրափակել է գործիչը: