Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Երևանում հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Դրանք վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղադրիչները:
Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել միջազգային գործընկերների դրան ուղղված միասնական քայլերը:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։