Մենք գործ ունենք ոչ թե խորհրդարանական ընդդիմության, այլ ՀՀ ինքնիշխանությանը ընդդիմացողների հետ. Արթուր Հովհաննիսյան
«Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ, Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ասում է տառացիորեն նույն տեքստը, ինչ հնչում է Ռուսաստանից։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի Ֆեյսբուքի էջում:
«Այս տեքստը ԼՂ բնակչության անվտանգությունը չապահովելու պարզագույն և դավադիր պատրվակ է, որը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը նվիրում է ՌԴ-ին՝ լրացնելով այնտեղից հնչող տեքստերը։
Իրականությունն այն է, որ, Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, Հայաստանի Հանրապետությունը ֆիքսել է իր պետական, սուվերեն սահմանները, որպեսզի որևէ մեկը իրավունք չստանա ագրեսիա իրականացնել ՀՀ սահմանների նկատմամբ։
Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը, առաջարկելով հղում չանել Ալմա-Աթայի հռչակագրին, հող է նախապատրաստում ՀՀ-ի սահմանների սուվերենությունը կասկածի տակ դնելու համար։ Թե ում համար, դժվար չէ կռահել։
Խորհրդարանական ընդդիմությունն ասում է նաև, որ Հռոմի ստատուտը ուղղված է որևէ մեկի կամ կոնկրետ մեկի դեմ։
Իրականությունն այն է, որ Հռոմի կանոնադրությունը մարդկության դեմ իրականացված հանցագործություններ իրականացնողներին, ցեղասպաններին և ռազմական հանցագործներին պատասխանատվության կանչելու մասին է։
Այսինքն՝ տարիներ շարունակ ցեղասպանության ճանաչման համար իբր պայքարած ուժը ասում է, որ մենք չպետք է հետապնդենք մեր ժողովրդի նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց։
Եվ ուրեմն, մենք գործ ունենք ոչ թե խորհրդարանական ընդդիմության, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ընդդիմացողների հետ։
Իրականում ցավով եմ արձանագրում այս փաստը՝ հաշվի առնելով, որ գործ ունենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող հայ մարդկանց մասին»,- նշված է գրառման մեջ։