Հանրապետական Մեթ Գեցը դիմում է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի խոսնակին հեռացնելու համար
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Մեթ Գեցը դիմում է ներկայացրել, որով կոչ է արվում քվեարկություն անցկացնել և պալատի խոսնակի պաշտոնից հեռացնել Քևին Մաքքարթիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։
Մեթ Գեցի քայլին արձագանքելով՝ Մաքքարթին սոցցանցերում գրել է՝ «Իրականացրու դա»։ Գեցը պատասխանել է՝ «Հենց նոր իրականացրի»։
Երկու հանրապետականների միջև լարվածությունը սրվել է շաբաթ և կիրակի օրերին, երբ խոսնակ Մաքքարթին դեմոկրատների օգնությամբ ընդունեց բանաձև կառավարությանը կարճաժամկետ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ «շաթդաունից» խուսափելու համար։
Քվեարկություն անցկացնելու համար Ներկայացուցիչների պալատն ունի երկու օր։ Որոշումը կայացվում է մեծամասնության ձայնի հիման վրա։
Վերջին անգամ նման դիմում ներկայացվել է 2015 թվականին՝ Ներկայացուցիչների խոսնակ Ջոն Բեյներին հեռացնելու համար։ Նախաձեռնությունը ձախողվել է, սակայն դա խոսնակի վրա այնքան մեծ ճնշում առաջացրեց, որ նա հրաժարական տվեց։