Ով քննադատում է Ալմա-Աթայի հռչակագիրը, խոսում է Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին․ ԱԺ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը անկախացել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը կքննադատի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը և հոկտեմբերի 6-ին Պրահայի համաձայնությունը, խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի մասին։ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է 1991 թվականի այդ փաստաթղթի հիման վրա»,- ասաց Սիմոնյանը։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում կայացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն էր ընդունվել, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: