Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի արևելքում հարձակման մեջ․ կա 2 վիրավոր
Սիրիան Իսրայելին մեղադրել է Դեյր էզ Զորի նահանգում սիրիական բանակի դիրքերը հրթիռակոծելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունում մի աղբյուր։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, տեղի ժամանակով ժամը 23։50-ին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու զինվոր, պատճառվել է նյութական վնաս։
«Իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել Դեյր էզ Զորի մերձակայքում Սիրիայի զինված ուժերի մի շարք դիրքերի», - ասել է աղբյուրը։
Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական հրթիռները հարվածել են շիա կազմավորումների հրամանատարական կետին և պահեստներին, որոնք տեղակայված են Իրաքին սահմանակից Բու Քեմալ քաղաքում։ Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սիրիական բանակի կողմից կռվող շիա մարտիկները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել։