ՌԴ-ն Ուկրաինային մեղադրել է Բրյանսկի վրա կասետային արկեր արձակելու, իսկ Ուկրաինան ՌԴ-ին՝ կամիկաձե ԱԹՍ-ներով հարձակման մեջ
Ռուսական կողմն Ուկրաինային մեղադրել է կասետային զինամթերքով Բրյանսկի մարզին հարվածներ հասցնելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով գնդակոծել են Կլիմովո ավանը։ Ըստ նախնական տեղեկատվության՝ տուժածներ չկան։ Արձանագրվել են մի քանի բնակելի տների և կենցաղային շինությունների վնասվածքներ», - գրել է նա՝ հավելելով, որ ավանի տարածքի զննումը շարունակվում է, տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի իշխանություններն էլ հայտնել են, որ գիշերը Պավլոգրադ քաղաքում կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է արդյունաբերական ձեռնարկության, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ընդհանուր առմամբ, մարզի երկնքում 13 ԱԹՍ է խոցվել։ Դնեպր քաղաքում ԱԹՍ-ի բեկորներից, ըստ մարզի ղեկավար Սերգեյ Լիսակի, այրվել են մասնավոր ձեռնարկություն, ավտոտնակ և մեքենա։
Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը 31 կամիկաձե անօդաչուներով գրոհել է երկրի տարածքը։ Ըստ հաղորդագրության՝ 29 ԱԹՍ և 1 թևավոր խոցվել է։ Գերատեսչության առավոտյան տեղեկագրի համաձայն՝ առաջնագծում, նախկինի նման, էական փոփոխություններ չկան։