Կատրին Կոլոննան ժամանել է Երևան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Երևան:
Ավելի վաղ արտգործնախարարը տեղեկացրել էր, որ Հայաստան է ուղևորվում Ուկրաինայից:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ամրապնդում է Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանության ոլորտում։
«Մենք ռազմական կցորդ կունենանք Երևանում։ Շուտով նաև հյուպատոսություն ենք բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում»,- նշել էր Կատրին Կոլոննան:
Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Կոլոննային ընդունելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեսակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։