Մեկ օրում տեղի է ունեցել 8 ՃՏՊ, 10 մարդ ստացել է վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարած։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, բնակարանային գողության՝ 4, վստահված գույքը հափշտակելու, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: