«Նստեք, կամ դուրս եկեք». Թեժ վիճաբանություն ԱԺ–ում. Ալեն Սիմոնյանը սպառնաց անջատել ընդդիմության բարձրախոսները
Ազգային ժողովում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորները չէին հանգստանում, նրանք պնդում էին, որ Հայկ Կոնջորյանը իր ժամանակից ավելի է խոսել: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը ոտքի վրա էին եւ ինչ-որ բան էին բղավում տեղից:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե դուք այսպես շարունակեք, մենք ուղղակի մի որոշում կկայացնենք, որով...»:
«Ինչ որոշում ուզում եք՝ կայացրեք»,-արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Հիմա ԱԺ կանոնակարգ օրենքը հարգեք, նստեք կամ դուրս եկեք»:
«Էդ դուք չպետք է ասեք»,- չէր հանգստանում ընդդիմադիր պատգամավորը:
«Հարգելի գործընկերներ, նենց չի, որ ձեր բոլոր ելույթները միշտ վայրկյանը լրանալուն պես դադարում է: Եթե դուք նման կերպ շարունակեք, ես ուղղակի ամեն ժամը ավարտվելուց հետո միկրոֆոնները կանջատեմ, եւ վստահեցնում եմ ձեզ՝ դրանից ընդդիմությունը չի շահի: Պարոն Մինասյան, մի ընդհատեք ինձ: Ես ձեզ ընդհատել եմ, բայց երբեւիցե որեւիցե մեկի միկրոֆոնը չեմ անջատել կարող է 1-2 անգամ է եղել ամենալարված իրավիճակում: Ես մշտապես թույլ եմ տվել ընդդիմությանը խոսել ժամանակից շատ: Ես հասկանում եմ, որ ասվածի միակ պատճառն այն էր, որ ժամանակն ավարտվել էչ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնի մոտ միացրել էր «5-րդ ալիքի» ռեպորտաժը, որում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց կարծիքն ու գոհունակությունն էին հայտնում Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության վերաբերյալ՝ նշելով, որ վերջապես Արցախում իշխանության են եկել հայրենասերները, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը որեւէ բացասական արձագանք չի տվել Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրությանը, հետեւաբար, Արցախն ունի դաշնակից: