Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր մեկնարկելու է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ներառված է 18 հարց։ Վերջերս ամենաշատ քննարկված Հռոմի ստատուտի հարցը օրակարգում 14-րդն է։
Ամենայն հավանականությամբ, այս հարցը հենց նիստերի առաջին օրն էլ կքննարկվի, սակայն կընդունվի, թե ոչ, պարզ կդառնա քվեարկությունից հետո։ ՔՊ-ի այս քայլը արվում է նրա համար, որ հակառուսական տրամադրությունները քաղաքացիների շրջանում ավելի ամրապնդվեն։
Նիկոլ Փաշինյանը ամեն հնարավոր եղանակով ասում է. «Այդ գործընթացը ամենեւին էլ կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, կապված է սահմանային լարվածությունների հետ»: Թեեւ, ըստ Փաշինյանի, այն կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, սակայն ռուսական կողմը շատ կոշտ է արձագանքել՝ այն համարելով «տոքսիկ որոշում»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել էր, որ այս նախագծի ընդունումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Մինչ այդ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ սա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում են գործընկերների առաջարկին։
Իշխանությունները, այս քայլին գնալով, չեն մտածում, որ Հայաստանը առերեւույթ մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից, այսինքն՝ յուրաքանչյուր ոլորտում կա ռուսական դրոշմ՝ գազ, էլեկտրաէներգիա, ռուսական ընկերություններ, որոնցից գոյանում է նաեւ ՀՀ բյուջեի որոշակի մասը։ Կա նաեւ հայկական սփյուռք ՌԴ-ում: Ռուսական կողմի սպառնալիքները, թե ամեն բան վատ կլինի, եթե ընդունվի Հռոմի ստատուտի մասին նախագիծը, կարող է գործել, եւ մի քանի օրվա ընթացքում ռուսական կողմը Հայաստանին կարող է զրկել եւ՛ գազամատակարարումից, եւ՛ էլեկտրաէներգիայից։
Այսինքն՝ իշխանությունները կրկին չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո, կրկին մտադրված քայլեր են անում Հայաստանի վաղեմի բարեկամներին վանելու հարցում եւ փորձում են բարեկամություն հաստատել երկրի հետ, որի հետ կապերը խզել ենք. վառ օրինակ են հարաբերությունները եւ դիվանագիտական կապերը, որոնք ստեղծվում են Հունգարիայի հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: