Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Էրդողանին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը. «Մենք կողմ ենք տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցական ուղիների զարգացմանը: Բայց միաժամանակ ընդգծում ենք, որ դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Վստահ ենք՝ այս խնդիրը պետք է երկխոսությամբ կարգավորվի»:
Նշենք, որ Էրդողանն ավելի վաղ ասել էր․ «Եթե մենք ուզում ենք, որ Զանգեզուրի ու Լաչինի միջանցքները դառնան խաղաղության միջանցքներ, պետք է այդ հարցը լուծենք առանց հակամարտությունների ու աղմուկի։ Եթե Հայաստանը դեմ լինի, այդ ճանապարհը կանցնի Իրանով։ Իրանը հիմա դրական է նայում այդ հարցին»։
Հայաստանի ԱԽ քարտուղարի Իրան այցի կապակցությամբ Քանանին նշել է, որ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները: «Քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի հարցը: Իրանը Կովկասի զարգացումների շուրջ իր դիրքորոշումն է ներկայացրել, ընդգծել տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության,կայունության, կայուն անվտանգության հաստատման համար տարածաշրջանային և հարևանների հնարավորությունների օգտագործման հնարավորությունը»,- ասել է խոսնակը: