Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարդկանց մարզադահլիճներում տեղավորեն. Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ արցախահայության շուրջ ստեղծված աղետալի իրավիճակը՝ բարձրաձայնելով այնպիսի խնդիրների հրատապ կարգավորումը, ինչպիսիք են ներքոթվարկյալները:
Հնարավոր բոլոր օղակներով պետք է օր առաջ արցախահայության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հարցերը հիմնական լուծում ստանան:
Արցախցին Հայաստանում պետք է ապրի իր սեփական տանը և հայրենիքում նոր կյանքի ադապտացվի: Արցախահայության վերաբնակեցման համար Հայաստանին տրված օգնության գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն: Չպիտի՛ թույլ տանք նրանց արտագաղթը:
Արցախահայերի առողջության, կրթության, աշխատանքի պահպանման (գտնելու) և շարունակականության համար պետք են հստակ և տեսանելի ջանքեր գործադրվեն:
Միջազգային մանդատով դիտորդները պետք է Արցախում տեղակայվեն որքան հնարավոր է շուտ: Այդկերպ կփորձենք իրացնել արցախահայության սեփականության իրավունքի պահպանումը և չեզոքացնել քաղաքացիներին ու պետությանը պատկանող գույքի ավերման հավանականությունը: Նաև պետք է ստեղծվեն երաշխիքներ, որ մարդիկ կարողանան իրենց սեփական գույքը անվնաս դուրս բերել կամ տնօրինել՝ ինչպես կկամենան:
Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը հրամայական է: Ինչպես Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ միջազգային դիտորդները պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը:
Հայերի գերեզմանները պետք է անձեռնմխելի լինեն և հեռու՝ ադրբեջանական վայրագություններից:
Եթե Արցախում դեռ կան Պաշտպանության բանակի զինվորականներ, նախկին և ներկա պաշտոնյաներ (իրենց ընտանիքների հետ), առանց թիրախավորման, անխոչընդոտ ու անվտանգ պետք է կամ ապրեն Արցախում, եթե ուզում են, կամ դուրս գան առանց հետապնդման: ՀՀ-ում կամ այլուր նրանք պետք է ապրեն առանց արհեստական խոչընդոտների և մտացածին քրեական հետապնդումների: