Ինչու են ձեռքերը թմրում քնած ժամանակ
Շատերն են արթնանում ձեռքերի թմրածության տհաճ զգացումով։ Սա հատկապես զայրացնում է, եթե պարբերաբար կրկնվում է։ Mediahub-ի փոխանցմամբ՝ Steptohealth.ru կայքը գրում է, որ ձեռքերը թմրում են մի քանի պատճառներով։
• Դաստակային նյարդ։ Խոսքը նյարդի հետ կապված խնդրի մասին է. այս դեպքում դաստակի վրա ուժեղ ճնշում է լինում, ինչը հանգեցնում է ցավի կամ թմրածության՝ սահմանափակելով դաստակի կամ մատների շարժումը։ Պարզապես գիշերային ժամերին բոլոր զգացմունքները սրվում են, ինչը մեզ համար շատ տհաճ է դառնում։
• Աշխատանքային ծանրաբեռնվածություն։ Երբեմն ինքներս մեզ շատ ենք ծանրաբեռնում։ Գործունեության այնպիսի տեսակները, ինչպիսիք են համակարգչի դիմաց աշխատանքը, կարելը, սարքերի հետ կապված աշխատանքը, կարող են հանգեցնել նրան, որ ձեռքերի նյարդերը չկարողանան դիմանալ այս ծանրաբեռնվածությանը։ Այս ամենի արդյունքում դաստակի հատվածում ցավ է առաջանում, որը, բնականաբար, գիշերը սրվում է. նյարդերն այդ ժամանակ փորձում են «թուլանալ» և թոթափել ծանրաբեռնվածությունը։
• Հեղուկի կուտակում։ Ավելորդ քաշը, ֆիզիկական վարժությունների բացակայությունը և սխալ սնունդը կարող են հանգեցնել այտուցների առաջացման ոչ միայն՝ ոտքերի, այլև՝ ձեռքերի հատվածում։ Այս ամենը տեղի է ունենում օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառով։ Գիշերային ժամերին այս ամենը մեզ ավելի է անհանգստացնում, քանի որ արյան շրջանառությունը դանդաղում է, ճնշումը՝ մեծանում, դրա հետ միասին մեծանում է նաև անհարմարության զգացումը։
• B խմբի վիտամինների պակաս։ Սխալ սնունդ օգտագործելու պատճառով մենք օրգանիզմին չենք ապահովում անհրաժեշտ քանակի վիտամիններով։ B խմբի վիտամինների պակասը կարող է հանգեցնել որոշակի հետևանքների, սակայն մենք հաճախ դրանց անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում։ Կարծում ենք, թե պարզապես հոգնել ենք՝ չմտածելով անգամ, թե ինչի հետևանք է մեր վիճակը։ Հոգնածությունը, քնկոտությունը, մաշկի գունատությունը, հաճախասրտությունը, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի թմրելն այս դեպքում հանդիպող նշաններ են։
Միջոցներ ձեռքերի թմրածության դեմ
• Քնելուց առաջ մեկ ճաշի գդալ կտավատի ձեթ խմեք։ Ըստ անցկացված հետազոտությունների՝ սա շատ արդյունավետ միջոց է, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում՝ թեթևացնելով վիճակը, եթե ձեռքերը թմրում են։
• Ձեռքերը ջրով լի վաննայի մեջ դրեք։ Եթե կարողանաք ձեռքերը ջրի մեջ դնել մինչև արմունկի հատվածը, շատ ավելի լավ արդյունք կստանաք. կարող եք նվազեցնել ճնշումը, և համապատասխանաբար՝ նյարդի բորբոքումը կկրճատվի, և ցավը կհանգստանա։ Այս պրոցեդուրան արեք քնելուց առաջ։
• Աշխատեք նվազեցնել աղի և թթվի օգտագործումը։ Սրանք նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանը և սրացնում ցավի զգացողությունը։
• Մի մոռացեք, որ ձեր օրգանիզմը խոնավության կարիք ունի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օրվա ընթացքում խմել նվազագույնը 2 լիտր ջուր։
• Շատ կարևոր է B խմբի վիտամիններով հարուստ մթերք օգտագործելը։ կարտոֆիլ, բանան, թյունոս ձուկ, կանաչ բանջարեղեն… այս ամենը ձեզ կօգնեն լրացնել այս վիտամինների պակասը։
• Եթե ձեր աշխատանքը ստիպում է ձեզ դաստակները ժամերով ծանրաբեռնվածության վիճակում պահել, օգտվեք հատուկ թևնոցներից։