Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են 5000 տարեկան գինու մնացորդներով սափորներ
Եգիպտոսի կենտրոնական հատվածում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հարյուրավոր սափորներ, որոնք պարունակում են գինու մնացորդներ, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։
«Եգիպտոսից, Գերմանիայից և Ավստրիայից ժամանած հնագիտական առաքելությունը, որն աշխատում էր Ում Էլ-Քաաբ շրջանում գտնվող Առաջին դինաստիայի Մերնեյթ թագուհու դամբարանում, հայտնաբերել է հարյուրավոր փակ սափորներ, որոնք նախկինում չեն բացվել, դրանցում գինու մնացորդներ են եղել»- ասված է հաղորդագրությունում։
Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին նշել է, որ հայտնաբերված սափորները շատ մեծ են եղել և պահպանվել են լավ վիճակում։ Նա նաեւ ընդգծել է, որ դրանցում եղած գինին մոտ 5000 տարվա է։
Նախարարությունը հավելել է, որ պեղումների ընթացքում, բացի սափորներից, հայտնաբերվել է գերեզմանային կահույք։