Ինչպե՞ս է ձերբակալվել արցախցի 18-ամյա Մարատը․ փաստաբանը մանրամասներ է պատմել
Արցախցի 18-ամյա Մարատի ձերբակալության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Շուրջ 10 ամիս է ակտիվ զբաղվում եմ փաստաբանությամբ։ Այս ընթացքում հասցրել եմ տասնյակ գործերով խորությամբ ճանաչել ՀՀ իրավապահ համակարգը և դատական իշխանությունը։ Հենց այդ ճանաչելս ինձ հաստատապես հուշում է, որ արդեն 4 օր հարուցածս միջնորդությունը դատախազությունը մերժելու է և 18–ամյա արցախցի Մարատ Հակոբյանին թույլ չի տալու տեսակցել մորը։
Եվ քանի որ այդպես է ու երեկ խոստացա՝ եկեք ձեզ կարճ պատմեմ արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանի ձերբակալության որոշ մանրամասներ, որպեսզի լավ պատկերացնեք ապօրինությունների աստիճանը։
Քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է այն դեպքերը, երբ անձին կարող են ձերբակալել։ Դրանցից է, օրինակ՝ անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի։
Ավելի պարզ ասած՝ երբ ոստիկանության ծառայողն իր ծառայությունն իրականացնելիս նկատում է հանցագործություն, անմիջապես մոտենում է դեպքի վայր, որպեսզի բռնի ենթադրյալ հանցագործին, բայց չգիտի, թե ով է հավաքվածներից հանցանք կատարողը ու այդ պահին ականատեսը (այսինքն՝ մի վկա, ով տեղում է և անձամբ տեսել է) ցույց է տալիս հանցագործին։ Այդ ցույց տված կասկածյալին ոստիկանը ձերբակալում է և տեղափոխում է ոստիկանություն, այդ մասին կազմելով արձանագրություն։
Հիմա Մարատին ձերբակալելու մասին քննիչի որոշման մեջ հենց սա է գրված։ Այսինքն՝ քննիչը գրել է, որ Մարատին ականատեսն է ցույց տվել։
Բայց պարզվում է, և դատարանում էլ ապացուցել եմ, որ Մարատը ձերբակալվել է ոստիկանության բաժնում, ուր անձամբ և ինքնակամ էր գնացել։
Մարատը ենթադրյալ դեպքի հաջորդ օրը գնացել է դասի։ Այնտեղ տնօրենից տեղեկացել է, որ ոստիկանությունից իրեն են հարցրել և որպես օրինապաշտ քաղաքացի՝ որոշել է անձամբ ներկայանալ ոստիկանության համապատասխան բաժին։ Հենց այդպես էլ արել է։ Անձամբ, իր ոտքով գնացել և մտել է ոստիկանության շենք ու հայտնել, որ ինքը Մարատ Հակոբյանն է ում փնտրում է ոստիկանությունը։