Խնդրում եմ սրտացավություն ցուցաբերել. ՀՀ վարչապետի խոսնակը՝ ԼՂ-ից տեղահանվածներին բարձր վարձավճարով բնակարան առաջարկողներին
ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության դրամական աջակցության տրամադրման հստակեցմանը զուգընթաց, նկատվում է տների և բնակարանների վարձավճարների ավելացում, և հորդորում է բարեխղճություն դրսևորել:
«Ունենք շատ քաղաքացիներ, որոնք սրտացավ են և հյուրընկալում են տեղահանված ընտանիքներին, փորձում են ամեն կերպ օգտակար լինել, բայց չեմ կարող չնշել այս ամբողջ գործընթացի վատ կողմը. որքան ավելի նպատակային և հստակ է լինում պետության աջակցությունը և գումարների տրամադրումը, այդքան նույն կերպ վարձավճարների անբարեխիղճ ավելացում ենք տեսնում: Ես խնդրում եմ, որ հատկապես այս պարագայում սրտացավություն ցուցաբերել և հասկանալ, որ խոսքը վերաբերում է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շեշտեց Բաղդասարյանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ ԼՂ-ից բռի տեղահանված մեր հայրենակիցները վարձավճարների բարձրացման հարցը կառավարելու եղանականեր ունեն:
«Նրանք ունեն իրենց տրամադրված կեցավայրերը, ունեն մի քանի օր ժամանակ, հույս ունեմ, որ բազմաթիվ կամավորականներ կօգնեն տարբեր բնակավայրերում եղած բնակարանների, առանձնատների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործընթացին: Մեր քույրերն ու եղբայրենը թող շրջեն, տեսնեն պայմանները և ընտրեն: Դրանով կկարգավորվի վարձավճարների կայունացման հարցը: Բնականաբար, եթե բոլորը որոշեն, որ գալիս են Երևան, դա կառաջացնի բարձրացված պահանջ Երևանում, գնան Աբովյան՝ դա տեղի կունենան այնտեղ: Քանի որ մենք ունենք ժամանակ և ունենք նաև աջակցելու պատրաստակամություն, ապա ես հույս ունեմ՝ 1-2 շաբաթվա ընթացքում այդ բոլոր հարցերը կհավասրակաշռվեն և ճիշտ լուծումներ կստանան»,- ներկայացրեց Խաչատրյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 1-ի վերջին թարմ տվյալով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 483-ի: