Հիմա ձգտելու եմ եզրափակիչում անել այն, ինչն արել եմ նախորդ տարի. Արթուր Դավթյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը մեծ սպասելիքներ ունի աշխարհի առաջնության եզրափակիչից:
«Որակավորման փուլում հաջողվեց անել ավելին, քան սովորաբար անում եմ մարզումների ժամանակ: Երբ գալիս էինք աշխարհի առաջնությանը վնասվածքով, նպատակս օլիմպիական քվոտան էր, քանի որ ոտքիս ցավը չէր անցնում: Բայց այս ելույթիս լավ ցատկեր կատարեցի և ես էլ չէի սպասում, որ կկարողանամ այսքան լավ կատարեմ վարժությունը: Հիմա ձգտելու եմ եզրափակիչում անել այն, ինչն արել եմ նախորդ տարի (հեղ. Դավթյանը նախորդ տարի դարձել է աշխարհի չեմպիոն)»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավթյանն ու առանձնացրեց, որ հեշտ չի լինելու ոսկե մեդալի համար առաջիկա պայքարը:
Խոսելով ոտքի վնասվածքից` Դավթյանը շեշտեց, որ լավ ինքնազգացողություն ունի և իրեն հաջողվել է որակավորման փուլում լավ ելույթ ունենալ:
Մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունն անցկացվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Հայաստանի հավաքականից ԱԱ-ին մասնակցում են հինգ մարզիկներ` Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը:
«Արմենպրես»-ը մրցավայրից է լուսաբանում աշխարհի առաջնությունը: