Չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ․ Շոլց
Չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գերմանական RedaktionsNetzwerk Deutschland (RND) լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Սա չի կարող շարունակվել. Գերմանիա ժամանած փախստականների ավելի քան 70 տոկոսը նախկինում գրանցված չի եղել, թեև գրեթե բոլորն այցելել են ԵՄ երկրներից որևէ մեկը»,-նշել է նա:
Նա ընդգծել է, որ այդ պատճառով Գերմանիան աջակցում է Եվրոպայի արտաքին սահմանների պաշտպանությանը: Շոլցի խոսքով՝ Բեռլինն արդեն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Ավստրիայի հետ սահմանները պաշտպանելու համար, ինչպես նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել Շվեյցարիայի և Չեխիայի հետ համատեղ սահմանային հսկողության վերաբերյալ:
Քաղաքական գործիչն անդրադարձել է Լեհաստանին, որն, ըստ նրա, պետք է ուշադիր լինի, որպեսզի իր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքային վիզաներ այլևս չվաճառվեն, իսկ միգրանտները չհայտնվեն Գերմանիայում։
«Այդ պատճառով մենք խստացրել ենք վերահսկողությունը Լեհաստանի հետ սահմանին»,- ընդգծել է կանցլերը։
«Եթե արդեն Գերմանիա ժամանած միգրանտներին մերժեն ապաստան տրամադրել, ապա նրանք ստիպված կլինեն լքել երկիրը»,-հավելել է Գերմանիայի կանցլերը։