Սրիկա ենք, եթե հիմա էլ Սյունիքի գլխին նոր փորձանք բերենք ու նոր կյանքեր մատաղ անենք. Կարեն Հարությունյան
«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը գրում է.
«Որովհետև ազնիվ չենք։
Ազնիվ չենք, որ 1997-ի կարգավորման պլանը ազգովի համարեցինք «Լևոնը Ղարաբաղը ծախում ա»։
Ազնիվ չենք, որ Քի Վեստը հայտարարեցինք, թե «Քոչարյանը Մեղրին ծախում ա»։
Ազնիվ չենք, երբ չենք ընդունում, որ Մադրիդյանը առաջընթաց էր 97-ի պլանից։ Թե ինչու կյանքի չկոչվեց՝ այլ հարց է։
Ազնիվ չենք, որ ազգովի Լավրովի պլան էինք դատափետում թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո։
Ազնիվ չենք, երբ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համարեցինք կապիտուլյացիա, այն դեպքում, երբ այդ համաձայնությունը բոլորովին չէր արտահայտում մեր պարտության վերջնարդյունքը և պահպանում էր Արցախի փաստացի անկախությունն ու հայկականությունը։
Ազնիվ չենք, երբ նույն այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից հրաժարվեցինք՝ չափազանցնելով այդ ճանապարհի նշանակությունը, զոհաբերելով Արցախն ու փաստացի ընտրելով չարյաց մեծագույնը։
Ազնիվ չենք, երբ 2021-ի արտահերթ ընտրություններում ճիշտ չգնահատեցինք չարյաց մեծագույնը։
Ազնիվ չենք, երբ Ռուսաստանից ակնկալում ենք ավելին, քան նա կարող է ու պատրաստ է անել։ Ազնիվ չենք կամ հիմար ենք, երբ ինքնիշխանության կարգախոսներով աշխարհի ամենահիշաչար մարդուն պատերազմ ենք հայտարարում՝ էլ ավելի վտանգելով մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ազնիվ չենք, երբ բոլոր անհաջողությունները բացառապես վերագրում ենք անցած 25-30 տարիներին՝ անտեսելով սարսափելի այն ձախողումները, որ թույլ ենք տվել և տալիս հիմա։
Ազնիվ չենք, երբ կոմսոմոլ եվրոչինովնիկներից ու Ամերիկայից Հայաստանի փրկություն ենք սպասում։
Ազնիվ չեն բոլոր նրանք, ովքեր իրենց որդիներին բանակից ու շառից փախցրած՝ ինքնիշխանություն են թմբկահարում Վերին Անտառայինի իրենց դղյակներից ու երևանյան ճոխ ռեստորաններից՝ գրպաններում ամերիկյան ու կանադական անձնագրեր։
Սրիկա ենք, եթե հիմա էլ Սյունիքի գլխին նոր փորձանք բերենք ու նոր կյանքեր մատաղ անենք»։