Իշխանությունը քննարկում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը․ Լուսինե Բադալյան․ Factor.am
Իշխանությունը քննարկում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունը չի անջատում ՀՀ-ում ռուսական հեռուսաալիքներն այն դեպքում, երբ դրանք միջամտում են ՀՀ-ի ներքն գործերին, ինչն արգելված է ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարությունների միջև կնքված պայմանագրով։
Նրա խոսքով՝ հեռուստաալիքներն անջատելն իրականում մեծ փրկություն չի լինելու, քանի որ ներկայում կա նաև համացանցը։ Բացի այդ, ըստ Բադալյանի, ռուսական քարոզչությունը տարբեր խողողվակներով է տարվում՝ ներառյալ երկրի ներսում գործող գործակալների միջոցով։
Բադալյանի խոսքով՝ ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը հակահայկական է և «սպառնալիք է պետության անվտանգությանը»։
«Կարծում եմ, որ ինչ-որ քայլեր կանեն, որովհետև երբ ինչ-որ բան սպառնում է պետության անվտանգությանը, ապա այդ քայլերն անպայման պիտի արվեն՝ անկախ նրանից՝ դրանք օգուտ կտան, թե օգուտ չեն տա»,- նշեց է ՔՊ-ականը՝ հավելելով, որ ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցն իրականում վաղուց է քննարկվում և որոշում կայացնելու դեպքում համապատասխան գերատեսչությունները հայտարարություններ կանեն։
«Նույնիսկ ԱԺ լիագումար նիստերի ընթացքում է հարցը բարձրացվել, հանրությունը տեսել է։ Ամեն անգամ, երբ հեռուստատեսությանը վերաբերող հարց է քննարկվում, միշտ, պարտադիր այդ հարցը բարձրացվել է»,- նշեց է նա։