Տարիներով կուտակված Արցախի սպառազինություն տրվեց հակառակորդին, ո՞վ է դրա պատասխան տալու. Անդրանիկ Քոչարյան
Հրադադարի ռեժիմը կապիտուլյացիա չէր, պատերազմում պարտվել ենք, Արցախի սահմանները փոխվել են, բայց Լեռնային Ղարաբաղը որոշակի սահմաններով ինքնիշխան երկիր էր՝ իր նախագահով, ԱԺ-ով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մեկ էլ հանկարծ անկանոն շարժումներ են սկսվում: Հայաստանի մեղքը երեւի այն է, որ չկարողացավ վերահսկել այն բոլոր գործընթացները, որոնք հետագայում սկսեցին ուղեկցել Հայաստանին եւ Արցախին»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի կողմից ձերբակալվում են հայտնի մարդիկ, ՊԲ-ի ներկայացուցիչներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Երբ որ Արցախի 22 ձայնով ընտրված նախագահը գնում էր այսպիսի որոշումների, նա պետք է հակառակորդի հետ բանակցությունների ընթացքում մինչեւ վերջին դետալը հստակեցներ՝ բոլորի ճակատագիրը ինչ է լինելու: Չի արել: Եթե արել է՝ ինչու է Լեւոն Մնացականյանը բռնվել: Ինչի՞ շուրջ են բանակցել, ԵՎլախում ի՞նչ են խոսել: Առաջին հանդիպումով ՊԲ-ն լուծարեց, երկրորդը առանց հանդիպման Արցախի Հանրապետությունը լուծարեց, որի իրավունքը չուներ»:
Նա անխուսափելի չի համարում այս իրավիճակը. «Եթե այդպես մտածենք, 1990-ականներին անխուսափելի էր, որ մենք Սումգայիթից հետո պետք է ասեինք՝ մենք պարտվեցինք: Դու պետք է հավատաս քո ներուժին, քո ժողովրդին: Այո, ՊԲ-ն այն, ինչ պետք է աներ, չկարողացավ լիարժեք անել, որտե՞ղ է գաղտնիքը, որովհետեւ քաղաքական իշխանությունը չկարողացավ որոշուիմ կայացնել: Այդքան տարիներով կուտակված սպառազինություն տրվեց հակառակորդին, ո՞վ է պատասխան տալու: Այդքան տանկ ու հրետանի: բա եթե այդքանը կար, ամեն մեկը եթե մի սնարյադ կրակեր, այսօր հնարավոր է, որ հակառակորդը կասեցներ իր նպատակները եւ սկսվեին բանակցությունները այլ ձեւաչափով:
Ինչո՞ւ չեն ոչնչացրել այդ զենքը, ում որոշումով: 4 նախագահ է գտնվում Արցախում, ՊԲ-ի հրամանատար, ղեկավարություն: Զենքը չեն հանձնում հակառակորդին, ոչնչացնում են: Կամ 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարի հեկերը ինչո՞ւ չպայթեցրիք»:
Անդրանիկ Քոչարյանը նաեւ հարց բարձրացրեց, թե ինչու հրաժարական տվեց Արցախի ԱԺ նախագահը, ում պահանջով եւ եկավ ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը, այն դեպքում, երբ Արցախի ԱԺ-ում ՀՅԴ-ն ուներ երեք պատգամավոր: «Դավիթ Իշխանականը եկավ, որ ի՞նչ անի, բոլորը մասնակից են այս ողբերգությանը: Բա որ ասում եք՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս գան Ղարաբաղի, էս ի՞նչ գցեցիք Հայաստանի վրա: Արայիկ Հարությունյանը պետք է գա ու ասի՝ ինչու հրաժարական տվեց, ինչու տվեցին ՀՅԴ-ին: Հիմա էլ պարզվեց, որ ստորագրվում է Արցախի Հանրապետության լուծարման որոշում: Տղա ջան, դու որտեղի՞ց հայտնվեցիր, ովքեր քեզ բերեցին: Արցախում 3 նախագահ կար, բա չէիք ասո՞ւմ, դրանով դու մեր հեռանկարները ոչնչացրեցիր, էդ խմբակն ո՞վ է, որ նման հեռանկար ապահովի»,-ասաց նա:
Հարցին՝ կա՞ր արդյոք ՊԲ սպառազինությունը փրկելու կամ չհանձնելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մինչեւ Լաչինի միջանցքը փակ լինելը այդ հնարավորությունը ոչ թե կար, այլ իրենք պետք է գիտակցեին դա, մանավանդ, որ իրենց այդ մասին զգուշացվել է: Իսկ հիմա անցավ հակառակորդին»: