Պետությանը պատճառվել է 11 մլրդ դրամի վնաս. դատախազը ներկայացրել է գույքային հայց՝ վնասը բռնագանձելու պահանջով
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Ա.Բ.-ն, 2021 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող ակումբի տարածքի առանձնասենյակում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Բ.-ն շահույթ ստանալու նպատակով կազմակերպել և խաղավարներ Մ.Բ.-ի ու Ա.Դ.-ի օժանդակությամբ` պարբերաբար անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր:
«Մասնավորապես՝ Ա.Բ.-ն շահումով խաղերին մասնակցելու նպատակով հավաքագրել է ֆիզիկական անձանց, նրանց վաճառել է տարբեր արժեքների խաղաքարեր, իսկ խաղերը վարելու համար, վճարի դիմաց, հրավիրել է խաղավարներ Մ.Բ.-ին և Ա.Դ.-ին:
Վերջիններս, տիրապետելով «Պոկեր» տեսակի շահումով խաղի կանոններին, վարձատրության դիմաց մատուցել են խաղավարի ծառայություններ:
Մ.Բ.-ն և Ա.Դ.-ն շահումով խաղերի մասնակիցների կողմից կատարված յուրաքանչյուր խաղադրույքից՝ հօգուտ Ա.Բ.-ի, յուրաքանչյուր խաղային օրվա մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, խաղաքարերի տեսքով գանձել են 4 տոկոս եկամուտ, իսկ դրանից հետո՝ 3 տոկոս:
Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի վնաս: 2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը Ա.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությունը), իսկ Մ.Բ.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը):
2023 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ մեղադրյալներից պետությանը պատճառված 11 մլրդ դրամի գույքային վնասը բռնագանձելու պահանջով»,- ասված է հաղորդագրության մեջ: