ՄԻՊ-ը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուին։
ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է վերոնշյալ անձանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Միավորված ազգերի կազմակերպության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։
Իր հերթին Նաննա Սկաուին կարևորել է Պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։ Այս համատեքստում կարևորվել են Պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները, որոնց միջոցով մշտադիտարկումների արդյունքները փաստաթղթավորվում են։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ աշխատանքների ուղղությունները: