Ալեն Սիմոնյանը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ
Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին քիչ առաջ մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:
ԱԺ-ից հայտնում են, որ նրանք հանդես են եկել «Ամոթ Ադրբեջանին», «Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպան են», «Կանգնեցրեք ցեղասպանությունը», «Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք» վանկարկումներով: Երիտասարդները տեւական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել եւ զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են: Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը։