Վանաձորի թատրոնը հանդիսատեսին կներկայացնի «Որդին» բեմադրությունը
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ֆրանսիացի դրամատուրգ և արձակագիր Ֆլորիան Զելլերի «Որդին» պիեսի համանուն ներկայացմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղերը տեղի կունենան հոկտեմբերի 7-8-ին:
Բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակը Սաթէ Խաչատրյանն է, բեմանկարիչը՝ Բենժաման Լըբըրտոն, երաժշտությունը՝ Ֆեդերիկո Ալբանեսի, զգեստները՝ Էդգար Մանուկյանի, լուսային ձևավորումը՝ Աշոտ Գևորգյանի, ձայնային օպերատորն Էրիկ Մարտիրոսյանն է:
Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Էդգար Քոչարյանը, Քրիստինե Ալիխանյանը, Աղասի Սարգսյանը, Մարիամ Ղևոնդյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Հակոբ Դեմիրճյանը:
17 տարեկանում Նիկոլան այլևս այն լուսավոր ու ժպտերես երեխան չէ, որին ճանաչում էին ծնողները։ Նրանց ամուսնալուծությունից հետո դեռահասի մոտ սուր դեպրեսիվ նշաններ են նկատվում, որոնք գնալով ավելի ու ավելի են խորանում։ Ի՞նչ է կատարվում նրա հետ, նրա կյանքում, հոգում, մտքում: Մեղքի զգացումից մինչև անկարողության ցավ, անորոշությունից մինչև անցյալի հետ առերեսում, ամեն օր ծնվող ու շատացող հարցեր, որոնց պատասխանները չեն կարողանում գտնել ծնողները: Որտե՞ղ սայթաքեցին: Հայրն անցնելով տարբեր ապրումների միջով՝ բարկություն, անհամաձայնություն, անկարողություն ու ցավ, փորձում է անել անհնարինն իր որդուն վերագտնելու, նրան երջանկացնելու ու փրկելու համար:
«Որդին» ներկայացումը կյանքի է կոչվում հայ-ֆրանսիական համատեղ ծրագրով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ֆրանսիական Սաթե Աթղը թատերական միության ֆինանսավորմամբ։