Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միանում է իր հայրենակիցներին՝ «պահանջելով ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր հայերին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մխիթարյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Նա նաև մտահոգություն է հայտնել ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող հայերի կալանավորումների առնչությամբ։
«Մինչ տասնյակ հազարավոր ընտանիքներ Լեռնային Ղարաբաղից փախչում են Հայաստան՝ անվտանգ ապաստան ստանալու, կալանավորումները դառնում են տագնապալի միտում», - գրել է նա:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը նաև անդրադարձել է հումանիտար նախաձեռնություններում Ռուբեն Վարդանյանի ունեցած մեծ դերակատարմանը։
«Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և համահիմնադիրն է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, որը սատարում է խաղաղության կառուցմանը և ամբողջ աշխարհում մարդկանց ապահովում է կրթությամբ և բուժօգնությամբ», - շեշտել է Հենրիխ Մխիթարյանը: