Ռուբենը մենակ չէ, և մենակ չէ ոչ մի հայ, որն այսօր Բաքվի բանտում է. Արտակ Թովմասյան
Գործարար Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա առավել քան երբևէ մեզ միասնականություն է հարկավոր այս ծանր իրավիճակից մարդկանց դուրս բերելու համար, և մեծ հույս ունեմ, որ վերջապես կսթափվենք և ամուր թիկունք կլինենք միմյանց:
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն այսօր մեր աջակցության կարիքն ունի նույնքան, որքան այն ժամանակ, երբ մեր երկիրն ուներ նրա բարի գործերի կարիքը: Չպետք է մոռանալ նրա նվիրվածությունն ու սերը մեր ժողովրդի և մեր պետության հանդեպ, անձնուրացությամբ արցախցու կողքին լինելու նրա պատրաստակամությունը:
Մենք պետք է գործադրենք մեր բոլոր ջանքերն ու հնարավորությունները նրան և մեր բոլոր հայրենակիցներին Բաքվի բանտերից հայրենիք վերադարձնելու համար:
Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայ պետք է ունենա այս գիտակցումը»: