Կոսովոյի նախագահը Սերբիային ու Ալեքսանդր Վուչիչին մեղադրել է Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ
Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին Սերբիայի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մեղադրել է Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ, որի հետևանքով հանգստյան օրերին սպանվել է ոստիկան և երեք գրոհային:
«Կոսովոն հարձակման տակ է», - Reuters-ին ասել է Օսմանին: «[Զինված] խմբավորումը պարզապես իրականացրեց Սերբիայի՝ որպես երկրի և Վուչիչի՝ որպես առաջնորդի մտադրություններն ու դրդապատճառները»։
Մոտ 30 ծանր զինված սերբերից բաղկացած խումբը կիրակի օրը ներխուժել է Կոսովոյի էթնիկ սերբերով գերակշռող շրջանի գյուղերից մեկը, դարանակալել է ոստիկանական պարեկը և ապաստանել մոտակա ուղղափառ վանքում: Խմբավորման և ոստիկանության միջև տեղի ունեցած մահացու փոխհրաձգության հետևանքով սպանվել է Կոսովոյի մեկ ոստիկան և երեք զինյալ: Երկու այլ զինյալներ ձերբակալվել են, մնացածը՝ դիմել փախուստի։
Կոսովոյի առաջնորդներն անմիջապես մատնացույց արեցին Սերբիայի վրա՝ մեղադրելով նրա կառավարությանը հարձակումը կազմակերպելու և զինված խմբին զինելու մեջ: Վուչիչը հերքել է մեղադրանքները, սակայն ասել է, որ զինյալները Կոսովոյի տեղացի սերբեր են, ովքեր «այլևս չեն ցանկանում տառապել Կուրտիի ահաբեկչությունից» և մեղադրել Կոսովոյին «դաժան էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ։
Կոսովոյում ԱՄՆ դեսպանը եզրակացրել է, որ հարձակումը «համակարգված և մանրակրկիտ ծրագրված» էր և, հավանաբար, նպատակ ուներ ապակայունացնել տարածաշրջանը:
Օսմանին ասել է, որ Սերբիան փորձում է «իրագործել Ղրիմի մոդելը» Կոսովոյում՝ փորձելով ապակայունացնել սերբ մեծամասնություն ունեցող տարածաշրջանը: Նա զգուշացրել է, որ Կոսովոն «թույլ չի տա, որ դա տեղի ունենա»։ «Ես խորհուրդ կտայի նախագահ Վուչիչին դադարեցնել միջամտությունը Կոսովոյի գործերին։ Կոսովոն ամեն գնով պատրաստվում է պաշտպանել իր ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»։
Օսմանին նաև մտահոգություն է հայտնել, որ նմանատիպ հարձակումները կարող են կրկնվել ապագայում, եթե Սերբիան «չդատապարտվի»:
Վուչիչը Reuters-ին ասել է, որ Սերբիան կհետաքննի հարձակումը, ներառյալ Կոսովոյի ոստիկանության կողմից հայտնաբերված զենքի ծագումը, սակայն կրկին հերքել է Սերբիայի մասնակցության մասին մեղադրանքները: «Ինչո՞ւ է դա ձեռնտու Բելգրադին։ Ո՞րն է գաղափարը: Քանդե՞լ մեր դիրքը, որը մենք կառուցում էինք մի ամբողջ տարի։ Ոչնչացնե՞լ այն մեկ օրում: Սերբիան պատերազմ չի ցանկանում».