ՆԱՏՕ-ն երկու AWACS ինքնաթիռ կուղարկի Լիտվա՝ «ՌԴ ռազմական գործունեությունը վերահսկելու համար»
Հյուսիսատլանտյան դաշինքը երկու AWACS հետախուզական ինքնաթիռ կուղարկի Լիտվա՝ «վերահսկելու Ռուսաստանի ռազմական գործունեությունը ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է դաշինքի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
«ՆԱՏՕ-ն Լիտվայի Շյաուլյայ քաղաքում ժամանակավորապես կտեղակայի օդային նախազգուշացման և վերահսկման (AWACS) հետախուզական ինքնաթիռներ: Երկու ինքնաթիռներից առաջինը կժամանի հինգշաբթի օրը (2023 թ. սեպտեմբերի 28-ին) և Ռուսաստանի ռազմական գործունեության վերահսկման առաքելություն կիրականացնի դաշինքի սահմանների մերձակայքում», - նշվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների՝ ՆԱՏՕ-ն ընդլայնել է օդում իր ներկայությունը դաշինքի հարավային թևում՝ օգտագործելով կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ և նավեր։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն լրացուցիչ չորս F-16 կործանիչներ է տեղակայել Ռումինիայում։