Անահիտ Մանասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց առևանգելու, հայ ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային և վատ վերաբերմունքի այլ ձևերի և այլ դեպքերին:
Բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համատեքստում Անահիտ Մանասյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է նաև Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։
Իր հերթին Դեսպանը կարևորել է Պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ աշխատանքների ուղղությունները: