Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ մինչև տարեվերջ ևս երկու արբանյակ կարձակվի ուղեծիր։ Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԻՐՆԱ գործակալությունից:
Սեպտեմբերի 27-ին Իրանում մշակված «Նուր-3» արբանյակի արձակումից հետո հանդես գալով լրագրողների առջև` ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել էր, որ արբանյակը հաջողությամբ ուղեծիր է արձակվել Երկրի մակերևույթից 450 կիլոմետր բարձրության վրա:
«Մոտ ապագայում մենք ուղեծրում կունենանք արբանյակների համակարգ», - ասել է գեներալ Հաջիզադեն՝ արբանյակային տեխնոլոգիաների մշակման ոլորտում բարձր գնահատելով Իրանի առաջընթացի տեմպերը:
Այնուհետև հրամանատարը պատասխանել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ապագա պլանների վերաբերյալ հարցին՝ ասելով. «Եթե մենք կարողանանք, ապա մինչև տարեվերջ (21.03.2024) կիրականացնենք ևս երկու արձակում»։
2022 թ. մարտին ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերն ուղեծիր են դուրս բերել «Նուր-2»-ը, իսկ դրանից երկու տարի առաջ՝ «Նուր-1»-ը: