ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար դիտարկվում է սննդի քարտերի թողարկման հարցը. թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան
ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց համար կառավարությունը դիտարկում է սննդի քարտերի թողարկման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը: Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառել ՀՀ սոցիալական ծառայությունների ցանկում»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, օրինակ, թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան: Վարչապետը հավելեց՝ պետք է ձգտել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ներառել հետվճարի համակարգում:
Վարչապետի հավաստմամբ՝ այս պահին աշխատաշուկան բավականին ակտիվ է, գործադիրը պետք է աջակցի նաև մասնագետներին իրենց ոլորտներում աշխատանք գտնել, ովքեր որոշակի ոլորտում գործունեություն չեն ծավալել, ապա կապահովվեն այլ արժանապատիվ աշխատանքով:
Կառավարությունն ուշադրություն է դարձնելու նաև բռնի տեղահանվածների կրթության, առողջապահական հարցերին: