Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ ժամանել է Կիև
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Կիև է ժամանել պաշտպանական արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների երկու տասնյակ ներկայացուցիչների ուղեկցությամբ՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող օգնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Լեկոռնյուն կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի և Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինի հետ։
Կիև ժամանած ֆրանսիացի արդյունաբերողները մասնագիտանում են զրահատեխնիկայի, հրետանու, անօդաչուների արտադրության, ականազերծման, ինչպես նաև կիբեռանվտանգության հարցերում։ Նրանք պետք է Կիևում քննարկեն գործընկերային հարաբերությունները և ստորագրեն համապատասխան փաստաթղթեր։ Մասնավորապես, խոսքն Ուկրաինայում Ֆրանսիայից մատակարարվող տեխնիկայի սպասարկման համար պահեստամասերի սեփական արտադրության զարգացման մասին է։
Հրատարակությունը նշում է, որ, չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան արդեն Ուկրաինային մատակարարել է Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ, զրահափոխադրիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, Փարիզն ինքն ունի տեխնիկայի սահմանափակ պաշարներ և հետագա մատակարարումների դեպքում կարող է թուլացնել իր սեփական բանակի պաշարները։ Ուստի Փարիզը դիտարկում է ուկրաինական արդյունաբերական բազայի երկարաժամկետ աջակցություն ապահովելու հարցը։ Խոսքը տեխնիկայի փոխանցումից արդյունաբերական գործընկերության անցնելու մասին է, գրում է թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարին մոտ կանգնած աղբյուրներին։