ՀՀ-ում Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ դե Մույնքն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ դե Մույնքը սեպտեմբերի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Դեսպան Էրիկ դե Մույնքը ծաղիկներ են դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը դեսպանին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Դեսպան Էրիկ դե Մույնքը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: