«Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետի՝ կյանքից զրկվելու դեպքից 4 տարի անց դեռ անպատասխան հարցեր կան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործը թեեւ վերաբացված է, սակայն դեպքից 4 տարի անց՝ մինչ օրս, հայտնի չէ, թե ով կամ ովքեր նախկին ոստիկանապետին հասցրին ինքնասպանության:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: 2021 թվականին գործը կասեցվեց, սակայն 2022 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանեց, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։
Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով գցում իրենց «սեյֆերը», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն: Ստացվում է՝ նախկին ոստիկանապետի մահվան գործը բացված է, բայց ոչինչ բացահայտված չէ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: