«Ռուսաստանը չի օգնի Ռուբեն Վարդանյանին». Մանրամասներ
Ռուսաստանը չպետք է զբաղվի ՌԴ քաղաքացիությունից հրաժարված, Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցով, ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը։
«Ֆորմալ առումով՝ ինչու՞ պետք է Ռուսաստանը ներքաշվի և ազդի այն մարդկանց ճակատագրի վրա, որոնք իր երկրի քաղաքացիներ չեն հանդիսանում»,- ասել է Տոկարևը։
Նա հավելել է, որ Ռուբեն Վարդանյանը հաջող բիզնես- գործունեություն է ծավալել Ռուսաստանում, ինչի շնորհիվ մի շարք նախագծեր են կյանքի կոչվել։ Վարդանյանին ազատ արձակելու հարցում, ըստ Տոկարևի, կարող են դերակատարում ունենալ նրա ընկերները։
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանն անդրադարձել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը Ռուբեն Վարդանյանի անձնական ընտրությունն է եղել, այժմ նա չի կարող օգնություն ակնկալել Ռուսաստանից։
«Նա իր կամքով է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, համապատասխանաբար, այդ քայլի բոլոր իրավական հետևանքներն էլ նրա ընտրության հետևանքներն են՝ կապված նրա հետ, որ այժմ նա չի կարող ՌԴ-ից օգնություն ստանալ»,- ասել է Բաշկինը։