Շիրակի մարզում ձեւավորվել է տեղավորման եւ աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ` Արցախից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախահայությանն աջակցելու նպատակով Շիրակի մարզում ձեւավորվել է տեղավորման եւ աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ։ Ներգրավված են մարզի բոլոր՝ վեց համայնքները:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ նախապես հաշվառել են Գյումրի համայնքի ենթակայության տակ գտնվող ազատ բնակֆոնդը: Ըստ նախնական հաշվարկների՝ քաղաքում կարող են ժամանակավոր կացարանով ապահովել շուրջ 2000 տեղահանվածի, բայց թվերը խիստ փոփոխական են: Որպես կեցավայր կարող են ծառայել նախկին հիվանդանոցների, զինկոմների, հանրակացարան ունեցող կառույցների շենքերը:
Տեղահանվածների առաջին խմբին ընդունել են այսօր՝ կեսգիշերն անց: Շիրակի մարզ տեղափոխված շուրջ 300 արցախցիներից 100-ին տեղավորել են Գյումրու հյուրանոցներում եւ համայնքապատկան այն կառույցներում, որտեղ կան կացության համար պայմաններ: Ըստ համայնքապետի՝ պայմանավորվածություն կա, որ հյուրատներն իրենց վրա են վերցրել սննդի հարցը, համայնքապետարանն էլ լուծում է այլ տարածքներում ապաստանածների առաջնային կարիքները:
Մինչ արցախահայերի հոսքը շարունակվում է դեպի Շիրակի մարզ, արագ վերանորոգումներ են կատարվում որպես կեցավայր ծառայող կառույցներում, աշխատանքներում ներգրավվել են նաեւ կամավոր բանվորական ուժեր:
Հավելենք, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Շիրակի մարզի գյուղական համայնքներում, որոնք համակարգում են համայնքապետարանները՝ Շիրակի մարզպետի ղեկավարությամբ: