Շվեյցարիան համաձայնել է Գերմանիային վերավաճառել Leopard II տանկեր
Գերմանիան ողջունել է Շվեյցարիայի՝ գերմանական արտադրության որոշ Leopard II տանկեր վաճառելու հնարավորության ստեղծման որոշումը, որպեսզի օգնի վերականգնել Ուկրաինային ցուցաբերված օգնության հետեւանքով պակասած պաշարները, տեղեկացրել է Reuters-ը։
Փետրվարին Գերմանիան դիմել էր Շվեյցարիային՝ խնդրելով վաճառել իր ունեցած 96 Leopard II տանկերի մի մասը։
Չեզոքության մասին շվեյցարական օրենքները պահպանելու համար Բեռլինը Բեռնին հավաստիացրել է, որ զենքը Կիեւ չի ուղարկվի, այլ կմնա Գերմանիայում կամ ՆԱՏՕ-ի դաշնակից, կամ ԵՄ-ի որեւէ երկրում։
«Մենք շատ ուրախ եւ շնորհակալ ենք այս որոշման համար»,- շվեյցարական հեռուստատեսությանն ասել է Շվեյցարիայում Գերմանիայի դեսպան Միշել Ֆլյուգերը։ «Մեզ հարկավոր են այդ տանկերը, դրանք կլրացնեն մեր եւ եվրոպացի գործընկերների մոտ առկա բացը»։
Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն է տվել շահագործումից 25 Leopard II տանկերի հանման մասին՝ ճանապարհ բացելով դրանք Գերմանիային վերավաճառելու առջեւ։
Շվեյցարիայի կառավարությունն այժմ պետք է պաշտոնապես աջակցի Leopard II-ների արտահանմանը Գերմանիա, բայց սպասվում է, որ դա կպաշտոնականացվի այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Վիոլա Ամհերդը կհայտարարի, որ տանկերի մատակարարումը Գերմանիա համապատասխանում է չեզոքության մասին շվեյցարական օրենքին, ինչպես նաեւ երկրի շահերին։ «Այսպիսով, մենք նաեւ կարող ենք մեր ավանդն ունենալ Եվրոպայի եւ անմիջապես մեր երկրի անվտանգության գործում»,- ասել է Ամհերդը։