Ժաննա Անդրեասյանը՝ բռնի տեղահանված ուսանողների՝ ՀՀ-ում կրթությունը շարունակելու եւ ուսման վարձերի մասին
Լեռնային Ղարաբաղում գործել են 8 քոլեջ և ուսումնարան, 4 բուհ. ակնկալում ենք, որ ուսանողների՝ այստեղ կրթությունը շարունակելու խնդիր կլինի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Արդեն իսկ այդ կարգավորումները մշակված են, որոնք կապված են, օրինակ՝ կրեդիտների, տարբերությունների, դրանց փոխանցման և նրանց տեղափոխման գործընթացն ապահովելու՝ լոգիստիկ հարցերի հետ կապված:
Լրացուցիչ այժմ քննարկում ենք նաև ուսման վարձի հետ կապված խնդիրները, որովհետև այստեղ, կարծում եմ, նույնպես կարիքների գնահատման և լրացուցիչ առաջարկների կարիք է լինելու, որը, իհարկե, պետք է առաջին հերթին տվյալների վրա հիմնվի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ, երբ ԼՂ մեր հայրենակիցները տեղավորված կլինեն: