Շուրջ 100 արցախցի ընտանիք դիմել է դպրոց՝ երեխաների ուսումը կազմակերպելու հարցով. Ժաննա Անդրեասյան
Հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովելու ծրագրերը, սակայն կրթության իրավունքը ևս առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու ապահովենք նրանց շարունակական կրթությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացի՝ տարբեր մարզերում։ Սա վկայում է այն մասին, որ այն պահին, երբ քաղաքացիներն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն, առաջին հերթին դիմում են դպրոց և դա շատ լավ է։ Մեր դպրոցները պատրաստ են դրան, մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներին, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպել գործընթացը։ Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի»,-ասաց Անդրեասյանը։