Իրանը հայտարարել է նոր ռազմական արբանյակի արձակման մասին
Իրանական «Նուր-3» ռազմական արբանյակը հաջողությամբ արձակվել և երկրի ուղեծիր է դուրս բերվել 450 կմ բարձրության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։
«ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) օդատիեզերական ուժերի ջանքերի շնորհիվ մի քանի րոպե առաջ հաջողությամբ Երկրի 450-կիլոմետրանոց ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը՝ «Կասեդ» երկաստիճան կրող հրթիռի օգնությամբ։ Շնորհավորում եմ տիեզերական ծրագրում ներգրավված ԻՀՊԿ-ի փորձագետներին այս հաջողության առթիվ», - նրա խոսքերը մեջբերում է ԻՐՆԱ գործակալությունը։
ԻՀՊԿ-ն արդեն երկար տարիներ մասնակցում է Իրանի օդատիեզերական ծրագրի զարգացմանը: 2020 թ. ապրիլին ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը 425-կիլոմետրանոց ուղեծիր են դուրս բերել իրանական «Նուր» անվանումը կրող առաջին ռազմական արբանյակը, իսկ 2022 թ. մարտին ուղեծիր դուրս եկավ «Նուր-2»-ը։
Իսլամական Հանրապետությունն իր տիեզերական ծրագիրը սկսել է իրականացնել 2004 թ.-ին: Իրանը 1959 թ.-ին ստեղծված ՄԱԿ-ի Տիեզերական տարածության խաղաղ օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է։