Սամվել Բաբայանը ստո՞ւմ է. ադրբեջանցիներն անցակետում սկաներ-տեսախցիկներ են տեղադրել և չէին կարող չճանաչել նրան
Ադրբեջանական կողմը Արցախից դեպի Հայաստան ընթացող ճանապարհին տեղադրած իրենց անցակետը համալրել է գերժամանակակից սկաներ-տեսախցիկներով, և երբ քաղացին անցնում է այդ անցակետով, նրա լուսանկարն անմիջապես նույնականանում է Ադրբեջանի իրավապահ մարմինների բազայի տվյալների հետ: Ուստի, Սամվել Բաբայանի այն պնդումը, թե ինքը կարողացել է անարգել հասնել Հայաստան, քանի որ իրեն չեն ճանաչել, զավեշտալի է:
Aysor.am-ի՝ իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ, այդ տեսանկարահանող համակարգերն այնքան արդիական են, որ անգամ փաստաթուղթ ստուգելու կարիք չկա:
Ըստ նույն աղբյուրի, Բաբայանը նման արագությամբ կարողացել է Հայաստան հասնել, քանի որ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ունեցել իր անձնական անվտանգության ապահովման մասով:
Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե ինքը կարողացել է հասնել ՀՀ, քանի որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն «չեն ճանաչել»: Բաբայանն ասաց, թե ինքը սեղմել է ադրբեջանցու ձեռքն ու հանգիստ նստել իր մեքենան և ժամանել ՀՀ:
Հավելենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ Ադրբեջանը նույն անցակետում ձերբակալել էր Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին՝ պատաճառաբանելով, թե նա 90-ականներին՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է Սամվել Բաբայանի վարորդը: Ստացվում է՝ նախկին վարորդին ճանաչել են, Բաբայանին «չեն ճանաչել»: