Սամվել Բաբայանը խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության Ադրբեջшնի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել․ Տիգրան Աբրահամյան
Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա` ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի:
Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում այդպես ներկայանալ, իր ընտրողներին, իր քաղաքական ուժին, ժողովրդին թողել է աղետի մեջ` պատերազմ, խոշոր պայթյուն, հայրենազրկում, առաջիններից մեկը դուրս եկել Արցախից, իսկ հիմա Հ1-ի եթերում ուրախ-զվարթ խոստովանություններ է անում:
Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ և ի՞նչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները մի կողմ:
Հ․Գ. Մինչ Արցախում մարդիկ ճակատագրի ու դավաճանների հարվածների ծանր հետևանքներն են կրում, Սամվել Բաբայանը հայաստանյան իշխանության օրակարգն է սպասարկում, մեղադրում մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը փորձում են կյանքեր փրկել, Ադրբեջանին զսպել», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվել են «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է։
«Մենք կարող էինք 4400 քկմ տարածքի վրա ստեղծել ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենալ: Այս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ ոչ մեկն այդ մասին իրեն չի հարցրել, որևէ հավաքի չեն հրավիրել: