Մեքենայից իջել եմ, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան
Երբ ես 7-8 ամիս առաջ մտնում էի արդեն շրջափակված Արցախ, Հայաստանի քաղաքական դաշտը խոսում էր, թե ես ինչպես եմ մտել Արցախ։ Ես էլ ասացի՝ Արցախն ինձ համար այնպես է, որ երբ ուզեմ մտնելու եմ, երբ ուզեմ՝ դուրս եմ գալու, փոխանցում է Tert.am-ը։
Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ բոլորի մոտ զարմանք է առաջացրել իր՝ անվնաս սահմանն անցնելու փաստը, մինչդեռ ինքն Արցախի հերոս է, իսկ Ադրբեջանի տեսանկյունից՝ հանցագործ։
«Ես բոլոր քաղաքացիների նման այդ մեքենայով եկել եմ, իջել, ադրբեջանցի ոստիկաններին բարևել, 15 մետր քայլելով անցել, ևս մի ոստիկանի բարևել, նստել մեքենան ու շարժվել։ Ես ինձ վրա վստահ եմ եղել։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ, որոնք ասում են, որ իրենք հերոս են, հիմա նստել սպասում են։ Ո՞ւմ են սպասում», - ասաց նա։
Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ մարդկանց, որոնք Սամվել Բաբայանից շատ ավելի քիչ վնաս են տվել Ադրբեջանին, փորձում են ձերբակալել, մինչդեռ Բաբայանն անխոչընդոտ անցել է սահմանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահը պատասխանեց, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են դիմել Ադրեջանին և հրապարակել սահմանին արված տեսագրությունները իր խոսքերի իսկության մեջ համոզվելու համար։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։
«Ոչ մեկի անձնագիրը չեն նայում։ Իջնում ես, վարորդը բացում է բեռնախցիկը, դու քայլելով անցնում ես, սքաներով անցնում է մեքենան և նստում ես։ Վե՛րջ», - նշեց նա։