Մելոնին և Մակրոնը Հռոմում քննարկել են միգրանտների հետ կապված իրադրությունը
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի Կիջի կառավարական պալատում քննարկում են միգրացիոն ճգնաժամը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ La Repubblica թերթը հաղորդում է, որ հանդիպումը ոչ պաշտոնական է։
Մակրոնը սեպտեմբերի 26-ին ժամանել է Հռոմ, որտեղ ներկա է գտնվել Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հուղարկավորությանը։ Սգո արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի շենքում։ Դրա ավարտից հետո առաջնորդները խորհրդարանից հեռացել են առանց պատվիրակությունների։ Հրատարակության տեղեկատվությամբ՝ Իտալիայի վարչապետը Ֆրանսիայի ղեկավարին կպատմի այն ծրագրի մասին, որը նա մտադիր է ԵՄ-ին ներկայացնել հոկտեմբերին։
Իտալիան միգրացիոն ճգնաժամի նոր փուլ է ապրում՝ կապված ծովով միգրացիոն հոսքերի ավելացման հետ, գլխավորապես` Թունիսից և Լիբիայից։ Իտալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ տարեսկզբից ծովով երկիր է ժամանել ավելի քան 130 հազար մարդ, ինչը կրկնակի ավելի է 2022 թ.-ի այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ և գրեթե եռակի ավելի, քան 2021 թ.-ին։
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ 85 հազարից ավելի միգրանտ ինքնուրույն ափ է իջել Լամպեդուզա կղզում և հարավային մյուս ափերում։ Ավելի քան 30 հազարին փրկել են իտալական ծառայությունները։