Միգրանտների հոսքի դեպքում Լատվիան պատրաստ է փակել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանները
Ռիգան պատրաստ է ամբողջությամբ փակել իր սահմանները Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ երկիր մուտք գործել ձգտող անօրինական միգրանտների զանգվածային աճի դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի բանակցությունների արդյունքների շուրջ հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Կողմերը քննարկել են նաև Լատվիայի և Բելառուսի սահմանին հիբրիդային գրոհների հնարավորությունը։ Էդգարս Ռինկևիչսը հայտնել է, որ Լատվիան պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանի փակումը, հատկապես միգրանտների զանգվածային հոսքի դեպքում», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Լատվիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունից։
Օգոստոսի 9-ին Լատվիայի կառավարությունը հերթական անգամ 3 ամսով՝ մինչև նոյեմբերի 10-ը երկարաձգել է Բելառուսի հետ սահմանամերձ շրջաններում գործող արտակարգ դրության ռեժիմը՝ կապված անօրինական միգրանտների հոսքի հետ։ Արտակարգ դրությունն ի սկզբանե ուժի մեջ է մտել 2021 թ. օգոստոսի 11-ին և մի քանի անգամ երկարացվել։ Այս ժամանակաընթացքում կանխվել է սահմանն ապօրինի հատելու ավելի քան 6500 փորձ։
Հանրապետության իշխանությունները բելառուսական կողմին մեղադրում են «ԵՄ-ի վրա միգրացիոն ճնշում ստեղծելու» մեջ: Մինսկում Ռիգայի այս մեղադրանքները համարում են անհիմն։