Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի հասույթն ուղղվելու է 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների նորածիններին
Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 3-ին տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:
Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը՝ Արշակ Բանուչյանի, և «Ձոն Հայրենիքիս» ստեղծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։
Համերգի կազմակերպիչ, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նշել է . «Իմ պարտքը և ցանկությունն է եղել վեր հանել հայ դասականի՝ փառահեղ կոմպոսիզտոր Արամ Խաչատրյանի անարդարացիորեն մոռացված ստեղծագործությունները՝ նրա 120-ամյակի առիթով։ Արվեստը մեծ ուժ կարող է փոխանցել, սփոփել վերքերը և հենց այդ միտքն ինձ դրդեց, որ կոչ անեմ իմ ընկերներին՝ հայ դասական երգի աստղերին, համախմբված նշելու Խաչատրյանի 120-ամյակը։
Չափազանց հուզիչ են մեր այն hերոսածին մայրերի պատմությունները, որոնց անգին զավակներն ընկան հանուն Հայրենիքի, և հերոսածին մայրերը կրկին անգամ ուժ գտան, մայրացան՝ մեր ապագան կերտող զավակներ պարգևելու համար»։